կարևոր
2592 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 16:12

Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր․ Արմեն Եղիազարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դիմել է Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել տրամադրել  տեղեկություններ, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը։

«Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:

Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։

Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։

Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում, կից հրապարակելով նաև ընկերությունների պատասխան գրությունների լուսանկարները։