կարևոր
1209 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 14:10

Ազգային ժողովը համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների

Ազգային ժողովը համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների

ՀՀ ԱԺ նախագահի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ՝ ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ՝ բազմազավակ ընտանիքներին հեռավար ուսուցման մեջ ներգրավելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկրված համակարգիչները  նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հատկացնեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար:

Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս՝ հանրակրթական դպրոցների կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք  ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում եւս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որոնցից 113-ը ունեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի մի քանի փուլով բավարարել մարզում առկա  պահանջարկը: Այս մասին նշում են Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Խոսրով Խլղաթյան