Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների թվի աճը պայմանավորում է մի քանի հանգամանքով։ Ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով դեպքերի կտրուկ աճը` Թորոսյանը նշեց․
«Նախ կա վարակի տարածում, որը ոչ մեկը չի կարող հերքել, և կան նոր օջախներ, ինչպես բերովի, այնպես էլ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում, ինչպես նաև պայմանավորված է մեր կողմից կատարվող թեստավորման թվի աճով»,- ասաց նա:
Նախարարը չի կարող կանխատեսել վիրուսի պիկը, և այն կարող է վրա հասնել ցանկացած պահի։
«Պիկը միշտ երևում է պոստֆակտում, երբ արդեն սկսում ես ունենալ ամեն օր նվազող դեպքեր։
Եթե բոլոր միջոցառումները իրականացնենք և շարունակենք հայտնաբերումները և ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել, օրինակ՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր, և մենք այսուհետև ունենալու ենք միայն անկում»,- ասաց Թորոսյանը՝ հավելով, որ կանխատեսել այդ օրը այս պահին չի կարող։
Հայաստանում ապրիլի 2-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք:
Ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: