392 դիտում, 2020.04.01 21:57

ՈԻԵՖԱ-ն հետաձգել է հունիսյան ընկերական հանդիպումները և մի շարք այլ մրցաշարեր

ՈԻԵՖԱ-ն հետաձգել է հունիսյան ընկերական հանդիպումները և մի շարք այլ մրցաշարեր

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկում, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, հաշվի առնելով նաև մարտի 17-ին ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվությունը, կայացրել է մի քանի կարևոր որոշում: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի՝ (ներառյալ՝ տղամարդկանց և կանանց ազգային, ինչպես նաև տղամարդկան մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ) 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:

Եվրոպայի մինչև 17 տարեկանների տղամարդկանց և մինչև 19 տարեկանների կանանց առաջնության եզրափակիչները չեղարկվել են, իսկ մինչև 19 տարեկանների տղամարդկանց և մինչև 17 տարեկանների կանանց առաջնությունների եզրափակիչները հետաձգվել են մինչև հետագա ծանուցումը: ՈՒԵՖԱ-ի Զարգացման բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

Քննարկվել են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ: Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը:

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների ակումբային արտոնագրման գործընթացի ժամանակացույցում: Ակումբներին համապատասխան կարգով կտրամադրվի այդ տեղեկատվությունը:

 

կիսվել նյութով -