362 դիտում, 2020.04.01 18:30

ԱՀ Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ պատվիրակությանը

ԱՀ Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկման արդյունքներին: Այս հարցում պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներդրումը՝ ընդգծելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը կարևորել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից առաջին անգամ կիրառված մշտադիտարկման կարգը՝ տեխնիկական իր հագեցվածությամբ, մեթոդաբանությամբ, կարգերով, մշտադիտարկման գործընթացով և վերջնական  եզրակացությամբ: «Սա նշանակում է, որ եվրոպական կարգավորման ստանդարտները գործում են նաև Արցախի Հանրապետությունում»,- նշել է Տիգրան Հակոբյանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է առաջատար երկրներում իրականացվող գործընթացն Արցախում ներդնելու հաջողված փորձն այն առումով, որ անկախ վերգետնյա հեռարձակողների քանակից, ԱՀ Կարգավորող հանձնաժողովն արդեն ունի լրատվամիջոցների հավասարությունը, մրցակցությունը, խոսքի ազատությունն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Արցախի տեղեկատվական դաշտի արդիականացմանն ու մրցակցային հարթակների ձևավորմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին:

 

կիսվել նյութով -