կարևոր
638 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-01 15:11

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել COVID 19 հարցերով Իսրայելի համակարգողի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել COVID 19 հարցերով Իսրայելի համակարգողի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։

Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։

Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար:

Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: