կարևոր
1116 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-31 23:43

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է տանը մնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի տարածման տեմպը կառավարությանը միայնակ կոտրել չի կարող, սակայն այն հնարավոր է կոտրել բոլորի համատեղ ջանքերով։ Այս մասին Արսեն Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան»,- գրել է Թորոսյանը։ Առողջապահության նախարարը նշել է, որ, եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ:

«Բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ: Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: Չեմ կարծում, թե դա մեր կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը կկարողանա այդ բեռը տանել: Ի դեպ որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել»,- նշել է նախարարը։

Արսեն Թորոսյանը հավելել է, որ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված:

«Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա: Այն ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության: Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»»,- գրել է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։