կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-31 20:35

Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

Նշենք, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները մեկնարկել էին ժամը 08.00-ին, երբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։