424 դիտում, 2020.03.31 18:27

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Վանաձորում 2019թ. սեպտեմբերին կատարաված ավազակային հարձակման դեպքը և 30 հազար ԱՄՆ դոլարի հափշտակման դեպքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը. նրանցից մեկը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով, իսկ մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ առերևույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

կիսվել նյութով -