592 դիտում, 2020.03.31 18:21

Արցախում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8%-ը

Արցախում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8%-ը

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%-ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Մարտի 31-ի, ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%-ը»,-ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 23370 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 59,9%-ը, Ասկերան` 8665 ընտրող կամ 71,6%-ը, Հադրութ` 6019 ընտրող կամ 68,4%-ը, Մարտակերտ` 8936 ընտրող կամ ընտրողների 66,8%-ը, Մարտունի` 11258 ընտրող կամ ընտրողների 64,9%-ը, Շահումյան` 1418 ընտրող կամ 66,3%-ը, Շուշի` 2535 ընտրող կամ ընտրողների 64,3%-ը, Քաշաթաղ` 4160 ընտրող կամ ընտրողների 58,5%-ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 370 ընտրող կամ ընտրողների 47,7%-ը։

Արցախում մարտի 31-ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

կիսվել նյութով -