304 դիտում, 2020.03.31 16:43

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը. հարցը հավանության արժանացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գալստյանի թեկնածության հարցը հանձնաժողովի նիստում ստացավ 2 դեմ և 5 կողմ ձայներ: 

Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: 

Հանձնաժողովի նիստում թեկնածուն պատասխանեց պատգամավորների զանազան հարցերի: Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ԿԲ մասին օրենքում նախագահը պետք է լինի մի անձ, որը ֆինանական համակարգում ունի բարձր հեղինակություն: Նա ասաց՝ որպեսզի որոշեն, թե արդյոք Գալաստյանն այդ անձն է, թե ոչ, պետք է իմանան նրա ներդրումները, ինչ է արել օրինակ որպես ԿԲ խորհրդի անդամ:  

Մարտին Գալստյանը, անդրադառնալով հեղինակության վերաբերյալ հարցին, նշեց, որ եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին տնօրենը: «Կենտրոնում մենք արել ենք շատ-շատ բաներ, որոնք առչնվել են ինդուստրիայի հետ: Մենք արել ենք սեմինարների շարք՝ օգնելու ինդուստրիային՝ զարգացնելու կարողությունները: Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ լավագույն բուհերի ուսանողները երազում են գալ ու անցնել իրենց պրակտիկան: Գրավոր համաձայնագիր ունենք Հարվարդի համալսարանի հետ, որ տարեկան ընդունում ենք իրենց ուսանողներից: Համաձայնագրի շրջանակում ՀՀ ԿԲ-ից տարեկան երկու գիտաշխատող գնում են Հարվարդ՝ իրականացնելու գիտական աշխատանք»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե արդյոք ԿԲ նախագահ լինելու համար պարտադիր պետք է ունենա առևտրային բանկում աշխատելու փորձ, նա նշեց՝ Բեն Բեռնանկեն (ԱՄՆ-ի համերկրային պահուստային համակարգի նախկին ղեկավար) և մյուսները մերժել են առևտրային գործունեութունը և նրանց հիմնական ֆոկուսը եղել է հանրայինն ու գիտականը: Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի պարագայում դա արդարացված է, ԿԲ-ն հանդիսանում է նաև գիտահետազոտական իստիտուտ, որը օժանդակում է կառավարությանը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր գիտելիքները բավարար են, որ կարողանա ղեկավարել մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն՝ վստահեցրեց, որ այո: «Իմ վերջին 1.5 տարվա գործունեությունը որպես խորհրդի անդամ, մեծապես առնչվել է այդ թեմաների հետ: Ֆինանսական կայունությունն ինչ-որ պահերի դառնում է ավելի կարևոր»,-ասաց նա:

Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնատավարման ժամկետը լրանում է ամռանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում և ստացել հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է  ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է  նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ: 

կիսվել նյութով -