420 դիտում, 2020.03.31 14:12

Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

Սահմանին Ադրբեջանի հրահրած խախտումը որևէ արդարացում չունի․ Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը լարելու Ադրբեջանի փորձերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հրադադարի ժամանակ հրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում  նաև տարածաշրջանի բժշկական ռեսուրսներն ուղղված են  կորոնավիրուսի դեմ պայքարին»,- նշեց Նաղդալյանը։

Մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխան տեղափոխվել է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

կիսվել նյութով -