456 դիտում, 2020.03.31 11:23

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ Արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայտարարության

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ:

«Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին:

Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը: Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից: 

Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո»,-ասված է հայտարարությունում:

կիսվել նյութով -