կարևոր
711 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-30 16:54

Արարատի մարզպետը հորդորում է մեծահասակներին դուրս չգալ տնից

Արարատի մարզպետը հորդորում է մեծահասակներին դուրս չգալ տնից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հորդորում է մարզում ապրող տարեցներին դուրս չգալ տանից իրենց և այլոց առողջությունը չվտանգելու համար: Մազպետը մեծահասակների խնամակալներին խնդրում է առավել ուշադիր լինել նրանց հանդեպ:

«Մեր մի շարք հայրենակիցներ, խախտելով տեղաշարժման սահմանափակման պահանջները, վարչական պատասխանատվության են ենթարկվել: Նրանց թվում եղել են նաև մեկուսացման ենթարկված անձինք, որոնք խախտել են պահանջներն ու հաճախել աշխատանքի՝վտանգելով ինչպես իրենց, այնպես էլ գործընկերներին»,- նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ դեպքերին: Իր կոչերը մասնավորապես ուղղված են մեծահասակներին՝ տատիկներին ու պապիկներին, որոնք հատկապես այս օրերին պետք է առավել գգոն ու ուշադիր լինեն:

Սարգսյանի խոսքով՝ երբեմն հանդիպում են դեպքերի, երբ պապիկները բակերի զրուցարաններում հավաքված ավելի քան յոթ հոգով հաղորդակցվում են, զրուցում, ժամանակն են անցկացնում:

«Այսպես հարցին լուծում տալ հնարավոր չէ, որովհետև նրանց վարվելակերպը կարող է վտանգել հենց նրանց առողջությունը: Դիմում եմ տարեցների երեխաներին, խնամակալներին, հարազատներին ու խնդրում, որ նրանք մեծ ուշադրություն դարձնեն մեծահասակներին և թույլ չտան նրանց իջնել բակ ու երկար ժամանալ անցկացնել այնտեղ»,-ընդգծեց Գարիկ Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:​