կարևոր
1770 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 16:34

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

Գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վարկերը զրոյացվում են և համաֆինանսավորվում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը միտված է oժանդակել գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններին և անհատներին, ովքեր դրամական միջոցներ ներգրավելու խնդիր ունեն։

 Մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Գործիքը նպաստում է նաև կոոպերատիվների ձևավորմանը»,- ասաց Գրիգորյանը։

Երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում կարողությունների զարգացման, ոռոգման արդիական համակարգերի,  գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ու այծաբուծության զարգացման, ինչպես նաև ագրովերամշակման ոլորտին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի և գյուղատնտեսական տեխնիկայի ու ագրոպարենային ոլորտի սարքավորումները լիզինգով ձեռք բերելու համար սահմանել 0% տոկոսադրույք, ընդ որում  կապալառուի միջոցով կառուցվող ջերմատները, սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները կարող են այսուհետև դիտարկվել որպես լիզինգի առարկա։

Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և  համաֆինանսավորում՝ տարբեր նպատակների վարկերի համար տարբերակված չափաքանակներով։