կարևոր
1993 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-30 16:23

Բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարցն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հարցն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում բաժնետիրական ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ: ­

 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ մարտի 30-ի նիստում ստացավ 87 կողմ ձայն:

Գործող օրենսդրությունը որոշակիորեն բարդացնում է առցանց կամ հեռակա եղանակով բաժնետերերի ժողովների կազմակերպումը և առցանց եղանակով քվեարկությունը: Փոփոխություններով ներդրվում է իրական ժամանակում առցանց քվեարկության գաղափարը, այսինքն՝ դա այնպիսի մեթոդ է, երբ մարդիկ ֆիզիկապես ներկա չեն, բայց քվեարկությունն իրականացնում են նույն ժամանակում և այն մեթոդով, որ բոլորը մասնակցեն որոշման կայացմանը: Ներդրվում է էլեկտրոնային քվեաթերթիկի գաղափարը, տրվում են ծանուցման մասին մի շարք սահմանումներ: Թույլատրվում է խորհրդի նիստերն իրականացնել առցանց, քանի որ բաժնետիրական ժողովը պետք է հրավիրվի խորհրդի նիստի արդյունքում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի: