կարևոր
1364 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-30 15:18

Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

Արցախի համապետական ընտրություններին ներկա կլինեն 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։ Այս մասին մարտի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներով պայմանավորված՝ առաջին անգամ Արցախի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունները լուսաբանելու հնարավորություն չեն ունենա միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Առաջին անգամ է, որ պայմանավորված կորոնավիրուսով, Արցախի Հանրապետությունում իրենց մասնակցությամբ ընտրությունները պատվելու և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստացած 38 երկրից 140 դիտորդներ և 40 ԶԼՄ ներկայացուցիչ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին»,- նշեց Սրբուհի Արզումանյանը։

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնի մրցապայքարում առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովում պատգամավորական մանդատներ ունենալու համար կպայքարեն 12 քաղաքական ուժեր։