Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում կշարունակվի։
«Հարգելի հայրենակիցներ,
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:
Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ»,- ասված է հաղորդագրության տեքստում: