672 դիտում, 2020.03.29 09:50

Վրաստանը մեծամասշտաբ համաճարակի շեմին է. Ամիրան Գամկրելիձե aliq.ge

Վրաստանը մեծամասշտաբ համաճարակի շեմին է. Ամիրան Գամկրելիձե aliq.ge

Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն զգուշացնում է՝ Վրաստանը մեծամասշտաբ համաճարակի շեմին է: Պաշտոնյայի խոսքերն է մեջբերում aliq.ge-ն, հիշեցնելով, որ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավարակի առաջին դեպքը: Մինչ այս պահը վարակը լաբորատոր հաստատվել է 90 մարդու մոտ:

Վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով մի շարք քայլեր են ձեռնարկվել: Մինչ ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն է: Ամիրան Գամկրելիձեն հիշեցրել է՝ այդ ընթացքը համընկնում է քրիստոնեական գլխավոր տոների հետ: Ապրիլի 12-ին նշվում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ,  իսկ ապրիլի 19-ին՝ Զատիկն է: Մասնագետն ասում է՝ այս թեման զգայուն է բնակիչների մեծ մասի համար, սակայն նույնիսկ զատկական տոներին բնակիչները  պարտավոր են լինելու պահպանել արտակարգ դրությամբ նախատեսված կարգը:

«Ինձ համար շատ դժվար է սա ասել, սակայն հանուն մեր բնակչության կյանքի ու առողջության, մենք պետք է հետևենք կոչերին ու անպայման կատարենք համաճարակաբանների հրահանգները: Հակառակ դեպքում՝ այս 4 շաբաթների ընթացքում մեծ հավանականություն կա, որ երկրում մեծ մասշտաբի համաճարակի սկիզբ է դրվելու: Տեսնում եմ, որ մարդիկ սկսել են նորից հավաքվել խմբերով, փողոցներում են՝ մեքենաներով ու ոտքով: Սա կարող է բերել չվերահսկվող իրավիճակի, ինչպես Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում: Այս երկրները ավելի ուժեղ են, քան Վրաստանը՝ տնտեսական ու առողջապահական տեսանկյունից: Մեզ իրական վտանգ է սպառնում », — ասել է Գամկրելիձեն՝ երկրի հանրային հեռուստաընկերության եթերում:

Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրենն ասել է, որ 3 վարակակիրների վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել, սա է պատճառը, որ Վրաստանում մեծ է վարակի չվերահսկվող տարածումը:

Առողջապահության ոլորտի մասնագետը եթերից կրկին կոչ է արել սոցիալական հեռավորություն պահպանել, խուսափել անմիջական կոնտակտից:

կիսվել նյութով -