կարևոր
2034 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-28 23:17

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած անձը ձերբակալվել է

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած անձը ձերբակալվել է

Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:
Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:

Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: