ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզիի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցավ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարը:
Վեբինարի ընթացքում մասնակիցները կիսվեցին կորոնավիրուսի վերաբերյալ իրենց տեղեկություններով, մոտեցումներով ու կանխատեսումներով:
Վեբինարի մասնակից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, բժիշկ Դավիթ Նաբարրոն նշեց, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հիվանդություն է այն: Նաբարրոն վարակի դեմ պայքարի հարցում համեմատություններ անցկացրեց մարդկության պատմությանը հայտնի այլ համավարակների հետ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը:
«Մենք կորոնավիրուսի դեմ պայքարում մեկուսացնում ենք և հորդորում ենք ինքնամեկուսանալ այն քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել վարակված անձանց հետ: Մեկուսացնում ենք նաև այն քաղաքացիներին, որոնք վերադառնում են ռիսկային երկրներից: Այս պահին այդ երկրների թիվը 20-ին մոտ է»,- ասաց Թորոսյանը:
«Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հայտնեց, որ իր ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութն այժմ կլինիկական փորձարկումների փուլում է: Նա հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունքներն արդեն պատրաստ կլինեն:
«Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը կորոնավիրուսին անդրադարձավ տնտեսական տեսանկյունից: Անդոնյանը նշեց, որ համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մի քանի սցենար կա՝ լավագույնից մինչև վատագույն: Անդրե Անդոնյանը հայտնեց, որ կորոնավիրուսը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կունենա ԱՄՆ տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 617 հազարը, վիրուսից մահացել է ավելի քան 28 հազար մարդ, ապաքինվել ավելի քան 137 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 372 է, ապաքինվել և դուրս է գրվել 28 անձ, մահացել մեկ քաղաքացի: