Մարտի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգներում:
Մասնավորապես, գերտերությունում ավելի քան 104 հազար վարակակիր կա: Մոտ 2500 մարդ ապաքինվել է: Մինչ այս պահը մահվան մոտ 1700 դեպք է գրանցվել:
Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում տնտեսությունը խթանող ավելի քան 2 տրիլիոն դոլարի միջոցառումների մասին: Այս օրինագիծն ավելի վաղը հաստատել էին Կոնգրեսի ստորին եւ վերին պալատները:
Սա, ի դեպ, ԱՄՆ պատմության մեջ կառավարության կողմից տրամադրվող տնտեսական օգնության ամենամեծ փաթեթն է: Փաստաթղթով նախատեսվում է 500 մլրդ դոլար հատկացնել ճգնաժամի հետեւանքով տուժած ընկերություններին, կամ օրինակ՝ 250 մլրդ դոլար՝ գործազրկության նպաստները տրամադրելուն: Բացի այդ, Թրամփը հորդորել է ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող խոշորագույն ամերիկյան ընկերություններից մեկին՝ General Motors-ին ժամանակ չվատնել բանակցությունների վրա ու կորոնավիրուսով վարակվածների համար թոքերի օդափոխման սարքեր արտադրել: Թրամփն այս օրերին իրավունք ունի պարտադրել ընկերություններին պետության շահերից ելնելով արտադրել այն, ինչի կարիքն ամենաշատն է զգացվում: