կարևոր
2040 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-27 16:44

Բացահայտվել է Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1973թ. ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակ, կրակված պարկուճներ և գնդակներ:

Պարզվել է, որ նույն օրը վերը նշված հասցեում հանգուցյալի դստեր ամուսինը ապօրինի կերպով պահվող, հրազեն հանդիսացող ինքնաձիգով կրակահերթ արձակելու եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է նշված հասցեում բնակվող աներոջը:

Բավարար ապացույցների համակցությամբ առերևույթ հանցագործություն կատարած անձին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով, վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: