կարևոր
2315 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-27 14:20

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

«Էրեբունի պլազա» հյուրանոցում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ։

Այս մասին հայտնում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն, ինչով պայմանավորված Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և դատարանի որոշմամբ կիրառվել է անվտանգության միջոց. Թորոսյանը կրկին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն:

Փետրվարի 17-ին դատարանի որոշմամբ Թորոսյանը տեղափոխվել էր հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը վնասազերծվել էր և տեղափոխվել ոստիկանություն: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով: