կարևոր
849 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-27 12:50

Հանրապետության մի շարք մարզերում իրականացվում են ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ

Հանրապետության մի շարք մարզերում իրականացվում են ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ

Հայաստանի Հանրապետության չորս մարզում գործում է ներմարզային, իսկ վեց մարզում՝ նաև ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Ավտոմոբիլայն տրանսպորտի ոլորտում՝ ուղևորափոխադրումների մասով, նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով, պարետի կողմից մտցվել են որոշակի սահմանափակումներ։ Ներկա դրությամբ գործում են Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում գործում է ներմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտը, իսկ Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում գործում է նաև ներհամայնքային տրանսպորտը։ Մնացած մարզերում չի գործում և´ ներմարզային, և´ ներհամայնքային տրանսպորտը»,- նշեց Սիմոնյանը։

Նա շեշտեց, որ այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ-ում արտակարգ դրության պարետի որոշմամբ նախատեսվում է իրականացնել որոշակի փոփոխություններ միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար։

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Թեստերից 1625-ը բացասական արդյունք է տվել:  Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 28 հիվանդ, մեկուսացումից դուրս եկել 100-ից ավելի քաղաքացի: