454 դիտում, 2020.03.26 17:51

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում, որոնցից 68-ը՝ ծառայություն մատուցող, 21-ը՝ սեփական կարիքների համար: Այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Մենք պարբերաբար մարզերից հավաքագրում ենք տվյալներ նոր կառուցվող կամ նախատեսվող սպանդանոցների վերաբերյալ: Հիմա ծառայություն մատուցող 68 և սեփական կարիքների համար՝ 21 սպանդանոց է կառուցվում»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ սպանդանոցների կառուցման հարցում 25 ցուցանիշով ամենաակտիվն Արմավիրի մարզն է, հետո՝ Գեղարքունիքը:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել:

Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են: