կարևոր
2474 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-26 17:12

COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 22 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 117 հազար 607:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Մահացածների թիվը 3 հազար 287 է:

Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։

Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503:

Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 4 հազար 089 մարդ: Մահացության այս ցուցանիշով Իսպանիան շրջանցում է Չինաստանին: Իսպանիայում մեկ օրում գրանցվել է մահացության 442 նոր դեպք. վարակվածության՝ 6 հազար 673: Վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում 56 հազար 188 է:

Վարակվածների թիվն արագ աճում է նաև ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը ԱՄՆ-ում կազմում է 68 հազար 594: Նոր վարակվածների թիվը 383 է: ԱՄՆ-ը վարակվածների թվի ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում:

Գերմանիայում վարակվածների թիվը 39 հազար 502 է, նրան հաջորդում է Իրանը՝ 29 հազար 406 հաստատված դեպքով: Այստեղ մեկ օրում գրանցվել է 2 հազար 389 վարակվածության նոր դեպք: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 25 հազար 233-ի, Շվեյցարիայում՝ 11 հազար 593-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 241-ի, Մեծ Բրիտանիայում՝ 9 հազար 529-ի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 77 դեպք կա, Ռուսաստանում` 840, Թուրքիայում՝ 2 հազար 433:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է: