Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մերժել է Էդմոն Մարուքյանի ներկայացրած այն առաջարկը, ըստ որի 2 ամիս ժամանակով կալանքից պետք է հանվեին հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանային վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էդմոն Մարուքյանը:
«Ինձ է փոխանցվել նախարարի պատասխանը, ըստ որի՝ նախարարը մերժել է այդ առաջարկությունը՝ իհարկե իրավացիորեն մեջբերելով գործող իրավակարգավորումները, որոնք խոչընդոտում են այդ առաջարկի իրագործմանը։
Բնականաբար, նշված կարգավորումներին մենք ևս քաջատեղյակ ենք, սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլիներ լուծում գտնել նաև այդ խնդրին։
Մյուս կողմից, նշվում է, որ առաջարկի ընդունումը կհանգեցնի մյուս կողմում հանդես եկող պարտատիրոջ իրավունքների խախտմանը (այս մասով շեշտենք, որ մեր առաջարկը բնականաբար վերաբերում էր միայն վարչական տուգանքներին, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններին)։
Այսինքն, կառավարությունն ի շահ քաղաքացիների այս մասով չի ցանկանում գնալ զիջումների, որոնք շատ ավելի արագ կհասնեին իրենց հասցեատերերին և կծառայեին իրենց նպատակին, քան այն փաթեթը, որի կիրառմանը դեռ սպասում ենք»,- գրել է նա: