Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև այլ բնակավայրերից կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գյումրիում վարակվածների քանակը երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, նրանք շատ չեն և մեկուսացված են, հայտնաբերված է նաև նրանց շփման շրջանակը։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են իրենց բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիները, որոնց մոտ հաստատվել է այդ հիվանդությունը։ Այնտեղ բուժում են ստանում սիմպտոմ կամ թեթև դեպքերով մեր քաղաքացիները»,- նշեց Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ այսօր կամ ամենաուշը վաղը՝ մարտի 27-ին, կլինի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն վայրերը, որտեղ արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքերը։