կարևոր
1232 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-26 11:43

Թեթև վիճակում գտնվող անձանց կտեղավորեն հյուրանոցներում

Թեթև վիճակում գտնվող անձանց կտեղավորեն հյուրանոցներում

Մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել։ Այս մասին Կառավարության մարտի 26-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այսօրվա ընթացիկ խնդիրը, որն ունենք, հետևյալն է՝ մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում։ Այսինքն՝ հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում ու որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ ու մեր հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու մյուս կարիքները», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակություն համար։

«Պարոն Թորոսյան, ճիշտ ենք հասկանում, չէ՞, որ հյուրանոցները ժամանակ առ ժամանակ պարտավոր են ախտահանել իրենց սենյակները։ Եվ հիմա էլ կարող են ինչ-որ դեպքեր լինել, որ հիվանդություններով տառապող մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են։ Եվ կորոնավիրուսից հետո էլ այդ հյուրանոցների սենյակների հետ ոչ մի վատ բան չի կատարվի», - դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ասաց վարչապետը։

Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ իրենց կողմից այդ ցուցումները հստակ կտրվեն, հիմա էլ իրականացվում են այդ աշխատանքները, առողջացած անձանց սենյակները ախտահանվում են, նոր մարդիկ են տեղավորվում այդ սենյակներում։

Փաշինյանը նկատեց՝ մտածում են, թե ինչպես աջակցեն հյուրանոցներին, պետք է նրանց հետ բանակցել, որ այս պայմաններում այնպիսի գներ առաջարկեն, որոնք շուկայական չեն։

«Կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք, պարետատունն այդ առումով կաշխատի», -  ասաց Նիկոլ Փաշինյանը։