ՀՀ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ոչ թե ողբալու է կորսված տնտեսական հնարավորությունների համար, այլ միջոցներ է ձեռնարկելու` առաջիկայում օգտագործելու համար նոր հնարավորությունները: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին:
Վարչապետը նախ հիշեցրեց, որ հունվար-փետրվարի արդյունքներով արձանագրվել է տնտեսական ակտիվության շատ բարձր ցուցանիշ: Փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.2 տոկոս է, ընդ որում՝ արդյունաբերությունն աճել է 9.7 տոկոսով, շինարարությունը` 25 տոկոսով: «Սա ցույց է տալիս, որ մենք տարվա առաջին երկու ամիսներին բավականին բարձր տնտեսական տեմպ ենք հավաքել: Բաց, ցավոք, պետք է խոստովանենք, որ հիմա այդ խոսակցությունն անցյալում է, մենք հիմա գործում ենք նոր իրավիճակում: Սակայն 2019-ի և 2020-ի առաջին երկու ամիսների տնտեսական պատմությունը ցույց է տալիս, որ մեր կառավարությունը իսկապես տիրապետում է տնտեսության զարկերակին: Իհարկե, նոր պայմաններում մենք պետք է նոր քաղաքականություն մշակենք և արդեն մշակում ենք, նոր քայլեր ձեռնարկենք: Մեր ռազմավարությունը լինելու է ոչ թե ողբալ կորսված հնարավորությունները, այլ ընդհակառակը` միջոցներ ձեռնարկել նոր հնարավորությունները, որոնք ակնհայտորեն լինելու են, օգտագործելու համար»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց` կառավարության ռազմավարությունը մնալու է նույնը` աշխատանքի քաջալերում: Վարչապետը շեշտեց` շատ կարևոր է, որ հետհեղափոխական կառավարությունը ի զորու է կայուն և տևական տնտեսական աճի քաղաքականություն վարել: «Համոզված եմ, որ հետվիրուսային ժամանակաշրջանում այդ աճի տեմպը և որակը շատ ավելի լավն է լինելու, ես դրանում չեմ կասկածում»,-ասաց նա ու հավելեց` պետք է մաքսիմալ շուտ դուրս գանք վիրուսային արտակարգ վիճակից: