368 դիտում, 2020.03.25 19:50

Փոխվարչապետը չի բացառում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը

Փոխվարչապետը չի բացառում սահմանին գազի բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորությունը

Հայաստանը սահմանին ռուսական գազի համար բանաձևային գնագոյացման անցնելու հնարավորություն ունի, իրավապայմանագրային բազան թույլ է տալիս, սակայն կառավարությունը դրանում որոշակի ռիսկեր է տեսնում: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե հաշվի առնելով գազի և նավթի միջազգային շուկայում գների անկումը, Հայաստանը նավթի և գազի ներկրման համար պայմանագրերը վերանայելու մտադրություն ունի՞ արդյոք:

«Եթե տեսնենք, թե այսօր ինչ է կատարվում նավթի գների հետ, և թե պոտենցիալ ինչ ազդեցություն կունենա գազի գնի վրա, համաձայն եմ,  որ մտածելու բան կա: Բայց միշտ պետք է հիշենք, որ սահմանին գազի գնի համար կա երկու տարբերակ` երկու տարբեր ռիսկեր, որ կարող ենք մի պահ միասին քննարկել ու որոշել, թե որ ռիսկին ենք գնում: Եթե մենք ունենայինք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր միտումների ազդեցությամբ, ապա այդ դեպքում կարող է մենք հիմա սահմանին ունենայինք գազի շատ լավ գին, բայց կարող էր կես տարի հետո այդ գինը լիովին այլ լինել»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանը ռուսական կողմի հետ հետ ունի գազի ֆիքսված գնի պայմանավորվածություն:

«Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի ու միջինացված նայենք, գուցե ստացվի, որ ներկա գինը թանկ է, բայց դեռևս այս պահին, եթե միջինացված նայենք, այդ գինը համարվում է որոշ չափով արտոնյալ: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ կկատարվի մոտ ժամանակներում և գործընթացներն ինչպես կշարժվեն, գուցե և ժամանակն է, որ մենք մտածենք նրա մասին, որ գազի գինը սահմանին պետք է կապված լինի որոշակի բանաձևի հետ: Ըստ էության, այսօրվա իրավապայմանագրային բազան թույլ տալիս է, որպեսզի նման բան կիրառվի»,-ասաց  փոխվարչապետը:

կիսվել նյութով -