կարևոր
2108 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 15:48

Կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով Վրաստանում մնացած ՀՀ 30 քաղաքացիներ մեկնեցին Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։

Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանությունը նախ հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, այնուհետև երկու օր շարունակ իրականացրել է Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Իսկ արդեն այսօր Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք։

«Տեղեկացնենք, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։

Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից՝ վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։