կարևոր
1821 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-25 14:35

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ

Մարտի 25-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ 

Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը Նոուռուզի առթիվ՝ փոխանցելով հայ ժողովրդի համերաշխությունը և զորակցությունը բարեկամ Իրանի ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում: 

Ներկայացնելով նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը` նախարար Մնացականյանը կարևորել է համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, հատկապես հարևան պետությունների միջև գործողությունների համակարգումը: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի և Իրանի տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը և համավարակի դեմ պայքարում փորձի շարունակական փոխանակումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կարևորել է հակամարտությունների գոտիներում հրադադարների պահպանման և պատժամիջոցների ռեժիմների վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերը՝ ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարը պետք է դառնա հնարավորություն ժողովուրդների հաշտեցման և գլոբալ համերաշխության համար:

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի դինամիկայի պահպանման, առկա պայմաններում առևտրաշրջանառության խթանման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովմամբ պայմանավորված հարցերի հասցեագրման ուղղությամբ: