ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: Այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:
«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Քրմոյանը հավելեց, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին և առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 4 քաղաքացի: