ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել աշխատանքային օրենսգրքում, որպեսզի արտակարգ դրության ժամանակ աշխատողները և գործատուները հստակ իմանան ինչպես առաջնորդվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգյսանը։
«Մենք առաջարկում ենք Աշխատանքային օրենսգրքում կատարել լրացումներ և փոփոխություններ, և ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ու անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար 107-րդ և 186-րդ հոդվածների մի քանի կետերում կարգավորումներ անել։ Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 107 հոդվածի համաձայն, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի դեպքում, երբ գործատուն, որոշակի պատճառներից ելնելով, չի ցանկանում շարունակել իր գործունեությունը և որևէ սահմանափակում չկա, ապա աշխատանքային օրենսգրքի համաձայն պետք է վճարի գործատուն։ Ավելի մանրամասն, ոչ պարապուրդի մեղքով պարապուրդի ընթացքում գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխտանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը, սակայն միշտ չէ, որ այդ հնարավորությունը կա։ Այդ դեպքում գործատուն պետք է այդ պարապուրդի համար վճարի միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափը։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար, աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, գործատուն պարտավոր չէ վճարել իր աշխատողին»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԱՍՀ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին քննարկումների փուլում է։