կարևոր
1012 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 13:58

Խորհրդարանը քննարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման հարցը

Խորհրդարանը քննարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարել:

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Մենք առաջարկում ենք Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր: Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը: Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,-ասաց Տերտերյանը:

Առաջարկվում է նաև խմբագրել Տեղական ինքնակառավարման մասին օրենքը: Եվ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման գործընթացի համար համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով:

Տերտերյանը տեղեկացրեց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահանված կարգով  համայնքների կողմից չեն նախաձեռնվել: Սակայն նա վստահեցրեց, որ մի շարք հանդիպումներ են  ունեցել համայնքների բնակիչների և ղեկավարների հետ: Իսկ հետո ԱԺ-ում այդ թեմայով ներկայացուցչական լսումներ են կայացել, և բոլոր հարցերը քննարկվել են: Նա հիշեցրեց, որ եթե նույնիսկ հանրաքվեներ լինեին, ապա օրենքով դրանց արդյունքները կկրեին զուտ խորհրդատվական բնույթ: