կարևոր
863 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-24 12:05

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական յոթ թիմ

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով պայմանավորված՝  2020 թվականի  մարտի 12-ից  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ գործում է աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ  միջոցառումներ: Այս մասին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաշվի առնելով  աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի   համապատասխան որոշմամբ  մարզպետարանում  ձեւավորվել  է մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի  կազմավորման եւ գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում է անցկացրել մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Արդեն ձեւավորված կրթական, առողջապահական, ուղեւորափոխադրումների իրականացման, գյուղատնտեսական, պարենային եւ ոչ պարենային ապրանքների ձեռք բերման, շուկայական գների մշտադիտարկման, մարդասիրական օգնությունների ընդունման եւ բաշխման թիմերի ղեկավարները  մարզպետին զեկուցել են շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների ձեռք բերման, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ կենդանիների պաշտպանության, ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտում վարակի կանխարգելման ուղղությամբ  իրականացվող աշխատանքների  մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն ուղղված այլ թեմաներ:

Կորոնավիրուսի կանխարգելման մասնագիտական աշխատանքային թիմեր են կազմավորվել նաեւ Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններում: Թիմերի կազմերում ընդգրկված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական հաստատությունների աշխատակիցներ: