«Ունենք բոլոր այն պրեպարատները, որոնք աշխարհում հիմա կիրառվում են հիվանդության բուժման համար։ Բայց քանի որ ապացուցողական բազան մեծ չէ, որ 100 տոկոսով վստահ լինենք՝ որն է բուժում այս հիվանդությունը, այն բոլոր պրեպարատները, որոնք տարբեր երկրներում ցույց են տվել որեւէ արդյունք, այս պահին ունենք նաեւ մեր զինանոցում, որոնք կիրառվում են»,- միտքը՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինն է ,որ վերջինը բարձրաձայնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Ըստ Թորոսյանի՝ հատկապես ցավալի է Իտալիայի պատկերը, որտեղ այսօրվա դրությամբ կա 6000 զոհ, եւ օր օրի աճող թվեր։
«Բոլորս պետք է այս պայքարում միակամ լինենք, որովհետեւ որեւէ առանձին երկիր չի կարողանալու այս հարցն իր համար լուծել, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը չի կարող հավերժ տարածվել, երկրագունդը չի կարող այսպես մեկուսացած ապրել, ու բոլոր երկրների գործողությունները ինչ-որ ժամանակահատվածում պետք է լինեն նույնը, որպեսզի միասին կարողանանք դուրս գալ իրավիճակից։
Կոչ եմ անում խստորեն պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները, դրանց վերաբերվել միայն հանրային առողջապահական տեսանկյունից»,- նշեց Արսեն Թորոսյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում շատ մեծ թվով առողջացած քաղաքացիներ ու մեկուսացման վայրերից «դուրս գրվող» քաղաքացիներ ենք ունենալու, նույնիսկ մի քանի տասնյակ, գուցե 70։
«Որքան էլ նոր դրական դեպքեր ունենանք, ուենալու ենք նաեւ առողջացման դեպքեր»,- իր խոսքում նշեց նախարարը։