կարևոր
2201 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 19:43

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։

Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին ցուցաբերվող աջակցության, այդ թվում՝ չին բժիշկների մասնագիտական օգնության մասին:

Կարևորելով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում տարբեր երկրների հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ էական դեր կարող է խաղալ: Նախագահը նշել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է Չինաստանի օժանդակությունն ինչպես խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով: