կարևոր
2136 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 18:55

Արտակարգ դրության օրերին կայացած հուղարկավորություններին պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը

Արտակարգ դրության օրերին կայացած հուղարկավորություններին պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ամբողջ ընթացքում հանրապետությունում կատարվել է 115 հուղարկավորություն, որոնց ժամանակ պահպանվել է 20 հոգուց ավել չմասնակցելու պարետի ցուցումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը պարետից ցուցում է ստացել հսկողություն սահմանել հուղարկավորություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Սերտ համագործակցելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ՝ 12 ժամ առաջ սկսում ենք տեղեկություններ հավաքել այն տնտեսվարող սուբյեկտներից, որոնք իրականացնում են հուղարկավորություն։ Այնտեղ մենք պահպանում ենք 20 հոգուց ոչ ավել հավաքվելու պարետի պահանջը, որպեսզի կարողանանք բացառել վարակի փոխանցումը»,- նշեց  Մհրյանը։

Ոստիկանությունն արտակարգ դրությամբ պայմանավորված ու պարետի ցուցումով` իրազեկող ծանուցումներ է ուղարկել հայաստանյան 1351 տնտեսվարող սուբյեկտի։ ՀՀ ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ դրանցից 1133-ը զվարճանքի ու ժամանցի վայրեր են, 126-ը՝ հոգեհանգստի սրահներ։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: