ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռևս որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:
Մարտի 11-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող մի խումբ տղամարդիկ մեկ այլ տղամարդու ստիպում են ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Ըստ այս խմբի անդամների՝ տղամարդն այն անձն է, ով դրանից մի քանի օր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան, զրույցի ընթացքում նա Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Այդ ձայնագրությունը ևս համացանցում էր հայտնվել։