ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանությունը կազմել է 73 արձանագրություն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Անկախ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները պետք է կատարեն սահմանված նստատեղերի պահանջը։ Մարտի 20-ից մեր կողմից ուժեղացված ծառայություն է սկսվել և այն շարունակական բնույթ է կրում։ Մարտի 20-ին մենք կազմել ենք 73 արձանագրություն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար»,- նշեց Մհրյանը։
Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։