ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում ներկայացրեց վիրուսի տարածման պայմաններում կառավարության գործունեության տրամաբանությունը: Փաշինյանը հայտնել է, որ այդ տրամաբանությունը պետք է բաժանված լինի երկու մասին:
«Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը, և կառավարում է այդ իրավիճակը: Մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ: Մեր կառավարության գործունեության տրամաբանությունը պետք է երկու մասի բաժանված լինի: Առաջինը պետք է լինի Պարետատան գործունեությունը, որն օպերատիվ հարցերը կարգավորի, և երկրորդ մասը պետք է լինի հակաճգնաժամային և միևնույն ժամանակ ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր:
«Մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին»,- նշեց վարչապետը: