կարևոր
1078 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-23 13:56

Սպանություն՝ Էջմիածնում. 1 անձ ձերբակալվել է

Սպանություն՝ Էջմիածնում. 1 անձ ձերբակալվել է

2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, ով նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:  

Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: