կարևոր
1883 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-23 02:15

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս. միությունը նույնպես միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած այս ակցիայի շրջանակներում ախտահանում ենք ավտոբուսներ, կանգառներ, անհատ տաքսի ծառայության մեքենաները, մարդկանց բաժանում ենք ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ՝ կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պաշտպանվելու համար։ Այս մասին yerkirmedia.am-ին փոխանցեց ՀՅԴ ՆԱՈւՄ-ի վարչության ներկայացուցիչ Հռիփսիմե Արշակյանը, ով ևս մի խումբ ՆԱՈւՄ-ականների հետ Երևանում մասնակցել է նախաձեռնությանը։

ՀՀ-ում օրեր առաջ հայտարարված արտակարգ դրության պայմաններում առավել քան կարիք կա քաղաքական տարբեր հայացքների տեր, ընդդիմադիր կամ իշխանական ուժերի մեկտեղման. կանգառներն ու մեքենաներն ախտահանման դուրս եկած ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչների կարծիքն է սա։  

«Բնականաբար՝ սա նաև ինչ-որ տեղ օժանդակություն է պետական միջոցառումներին, հակահամաճարակային այն ծրագրերին, որոնք իրականացնում է Առողջապահության նախարարությունը, արտակարգ իրադրության պայմաններում՝ պարետատունը և այլոք»,-  փաստեց Հռիփսիմե Արշակյանն՝ ավելացնելով, որ իրենք այս օրերին բարոյապես անթույլատրելի են համարում քաղաքական հողի վրա հակադրվելը և կողքի քաշվելը։

Հասարակության արձագանքից Հռիփսիմեն և ընկերները գոհ են. մարդիկ ոչ միայն չափազանց դրական են ընդունել, այլև շատերի կողմից լսվել են երախտիքի խոսքեր: 

«Անգամ մարդիկ կան, որոնք հեռվից իրենք են մոտենում, խնդրում պարագաներ կամ ախտահանել իր մեքենան, գրասենյակի կամ խանութի դռան բռնակները և այլն: Այսինքն՝ մարդիկ կարիք ունեն նման ծրագրերի և աջակցության, և, կարծում ենք, պետական օղակները ևս պետք է նկատի առնեն այս ամենը», - մանրամասնեց ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչության ներկայացուցիչը: