կարևոր
685 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-21 19:49

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը՝ Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը՝ Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը՝ Վերին Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ․

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար:

Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում: Կրկին ընդգծենք, որ այս տեղափոխությունը կատարվել է բացառության կարգով, և ՀՀ-ի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար:

Ինչպես նշել էինք, արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում վերջիններիս առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը:

Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը»։