կարևոր
1935 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-21 19:30

COVID-2019. Աշխարհում նոր դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-2019. Աշխարհում նոր դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացել է 11 հազար 893 մարդ: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում. եթե առավոտյան ապաքինվածների թիվն անցնում էր 91 հազարը, ապա արդեն երեկոյան 93 հազար 617 է:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 008 է: Մեկ օրվա մեջ այստեղ ընդամենը 41 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 21 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 32:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատման 24 հազար 926 դեպք կա, մահացածները 1326-ն են: Նշենք, որ Իսպանիայում մեկ օրվա ընթացքում նկատելիորեն աճում է թե վարակվածների, թե մահացածների թիվը. վերջին տվյալների համաձայն՝ այն կազմում է 3 հազար 355:

Գերմանիայում ևս կորոնավիրուսով վարավածների թիվն արագ է աճում. եթե առավոտյան այստեղ վարակվածների թիվը 19 հազար 848 էր, ապա երեկոյան 21 հազար 652 է (ավելացել է 1 804-ով): Գերմանիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը 20 հազար 610 է, ԱՄՆ-ում՝ 19 հազար 871, Ֆրանսիայում՝ 12 հազար 612, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799, Շվեյցարիայում՝ 6 հազար 186-, Մեծ Բրիտանիայում՝ 4 հազար 72:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլուր:

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1087-ի: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 13 մարդ:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է. մեկ անձ ապաքինվել է: