կարևոր
1514 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-21 18:44

Աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնել․ Բաթոյանն արձագանքել է դեպքերին

Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված արտակարգ դրության պայմաններում որոշ գործատուներ աշխատակիցներին ստիպում են իրենց հաշվին արձակուրդ վերցնելու դիմում գրել՝ այդպիսով խուսափելով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելուց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է տեղեկությանը, նշելով, որ նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։

«Թեև մենք մշակել ենք Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագիծ և օրենքը այս պահին էլ կարգավորում է գործատու-աշխատող հարաբերությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի որևէ լիազորություն դրանք վերահսկելու համար։ Նախարարությունը պատրաստ է պարզաբանումներ տալ օրենքի վերաբերյալ և համագործակցել շահագրգիռ մարմինների հետ՝ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»,- գրել է Բաթոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում աշխատանքային իրավունքների խախտման դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն առաջարկում է իր օգնությունը։

«Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հետևյալ կոնտակտներով՝ Սոֆյա Պետրոսյան, 077-930-579 (նաև viber, signal), [email protected]»,- գրել է Բաթոյանը։