կարևոր
2064 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-21 18:16

Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում

Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում, որպեսզի հետագայում ծառատունկ իրականացվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Անցած տարի այս օրերին հայտարարել էինք, որ Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվելու և ստեղծվելու է անտառ։ Բնականաբար, անտառ ստեղծելու համար պետք է կաթիլային ոռոգման համակարգ։ Այս ընթացքում ամբողջ տարածքը չափագրվեց, և նախագծվեց ամբողջ ոռոգման համակարգը։ Այսօր արդեն քաղաք իջնելուց ականատես եղա, որ բուն ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները մեկնարկել են»,- ասել է Կարապետյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակը ուղիղ եթերով ցույց է տվել, թե ինչ աշխատանքներ են կատարվում։ Նա հավելել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն և հետագայում ծառատունկ կիրականացվի։